ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը


ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Մասնավորապես, իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, միմյանց գործողություն­ները փոխլրացնելով 2023 թվականի փետրվար-ապրիլ ամիս­ների ընթացքում ՀՀ քաղաքա­ցի­ներ Գ.Ս-ի և Ռ.Պ-ի անօ­րի­նական միգրացիան, այն է` ԱՄՆ վեր­ջին­ներիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից յուրաքանչյուրից պահան­ջել և ստացել են 15.000-ական ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև ԱՄՆ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար նախատեսված փաստա­թղթերի փաթեթներում ներառել են իրավաբանական նշանակություն ունե­ցող փաս­տեր հավաստող և իրավունք վերա­պա­հող բովանդակությամբ կեղծ աշխատա­վայրի և աշխատա­վարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատու­թյուն ավար­տելու և որակավորում ստանալու վերաբերյալ տեղե­կանք­ներ, դիպլոմներ և վկայականներ, որոնք հանձնել են վերը նշված անձանց, ովքեր իրենց հերթին դրանք ներկա­յացրել են Հայաս­տանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցե­­ներում և տուրիստական կազմակերպություն հանդի­սացող աշխատավայրում, որի արդյունքում հայտնա­բերվել և վերցվել են կեղծ դիպլոմներ, աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, բանկային շարժի վերա­բերյալ քաղվածքներ, կնիք­ներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ամուսնության և ծննդյան վկայական­ներ, կնիքված դատարկ հավաս­տագ­րեր, պատվոգրեր, անձնագ­րեր, որոնցում առկա են եղել «Շենգենյան համաձայ­նության երկրներ» մուտքի արտո­նագրեր, տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագոր­ծության կատար­ման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ Ա.Մ-ի և Ռ.Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբող­ջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործու­թյան միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:

Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված խմբի գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան