9 անձի, այդ թվում՝ ՊԵԿ աշխատակիցների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներից տարբեր չափերով, ընդհանուր` ավելի քան 1.700.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Գագիկ Հակոբյանը Երևան քաղաքի տարբեր վայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ իրականացրած ստուգումների ընթացքում հարկային օրենսդրության ոլորտում հնարավոր խախտումները չարձանագրելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ինչպես նաև թույլ տրված խախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դիմաց հիշյալ տնտեսվարողներից ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով 2021 թվականի մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 100.000-300.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Գագիկ Հակոբյանը մեկ այլ ընկերությունում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ, նախնական համաձայնության գալով իր անմիջական ղեկավարի` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Կարապետյանի և գլխավոր օպերլիազոր Արամ Աղաջանյանի հետ, հնարավոր խախտումները և բացթողումները չարձանագրելու համար հիշյալ ընկերության հիմնադրից պահանջել և 2021 թ. հոկտեմբերին նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Տնտեսվարողներից տարբեր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով (երեք դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Գագիկ Կարապետյանին և Արամ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Կաշառքի միջնորդության համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով, իսկ ՊԵԿ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար 5 անձի մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի (կաշառք տալը) տարբեր մասերով:
Կաշառք ստացած ՊԵԿ աշխատակիցների, ինչպես նաև նրանց կաշառք տված ու կաշառքի միջնորդություն կատարած 6 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան