8 քրեական գործ՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. ՀՀ դատախազություն

2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրական ողջ գործընթացի, ներառյալ՝ ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում ընտրության մասնակիցների՝ տեղամասային ընտրական հանձնաժողովիների նախագահների, դիտորդների կողմից տրված հաղորդումներով, ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերով:

Ամենաշատ հաղորդում-ահազանգերը վերաբերել են ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում կայացած (թվով 18), ամենաքիչը՝ ՀՀ Տավուշի և ՀՀ Վայոց Ձորի մարզերի ընտրություններին (4-ական):

Նշված 87 հաղորդումների զգալի մասն ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ մի մասի կապակցությամբ, հաշվի առնելով դրանց վերացական կամ ընդհանրական բնույթը, ոստիկանության բաժիններում նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:

Դրանց արդյունքում թվով 79 հաղորդում-ահազանգերից մի մասի դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման ենթակա հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ մյուս մասի դեպքում նախապատրաստված նյութերով կայացվել են հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:

8 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես՝

3 քրեական գործ հարուցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերի կապակցությամբ: Դրանցից երկուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալու 2 դեպքի հետ, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կապված Վարդենիս համայնքի ընտրատեղամասերից մեկում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի հետ:
2 քրեական գործ վերաբերում է ՀՀ Լոռու մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը՝ կապված Վանաձոր համայնքի ընտրատեղամասերից մեկում կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի հետ, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ մյուսը հարուցվել է Վանաձոր համայնքի ընտրությունների ընթացքում պարտքի դիմաց վերցված անձնագիրը քաղաքացուն չվերադարձնելով վերջինիս ընտրական իրավունքի իրացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2 քրեական գործ առնչվում է ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում կայացած ընտրություններին: Դրանցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ Աբովյան խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկի մոտ անձին ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ, իսկ մյուսը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կրկին Աբովյան խոշորացված համայնքի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու հետ:
1 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում կայացած ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրակաշառք տալու դեպքի կապակցությամբ:

Նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան:

Դատախազության մարմինների կողմից պատշաճ դատավարական ղեկավարման և հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում բոլոր դեպքերին, դրանց առնչվող անձանց արաքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում