70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի 70-ամյա բնակչուհու նկատմամբ առերևույթ ավազակային հարձակման դեպքի հանգամանքները։

«2024 թվականի մայիսի 2-ին 70-ամյա կինը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 20։40-ի սահմաններում, տուն վերադառնալիս՝ հասնելով Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքի շքամուտքի մոտ, անհայտ անձը հարձակվել է իր վրա և զենքի սպառնալիքով հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, գումար, բանկային քարտեր, իր վարորդական իրավունքի վկայականը և այլ իրեր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում դեպքի վայրում՝ հիշյալ շենքի մուտքի 3-րդ հարկի հարթակում, հայտնաբերվել է «Pistole Modell 27, Kal 7.65» գրառմամբ առանց փամփշտատուփի ատրճանակ, որը վերցվել է, վերցվել են նաև շենքի դիմացի հատվածը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկում՝ 70-ամյա կնոջ բնակարանի դռան մոտ, 25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը, որից հետո ատրճանակը գցելով՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ, ինչն իրականացվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրեջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում

Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա