58-ամյա տղամարդը կալանավորվել է քրոջն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 58-ամյա տղամարդու կողմից քրոջ՝ առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:06-ին, Մովսես Խորենացու փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, նկատելով մի քաղաքացու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակով, մոտեցել են նրան և պարզել, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 58-ամյա տղամարդը, շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ տանը և լինելով նրա խնամքի ներքո, 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինիս ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, գաղտնի մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով և չի նկատել եղբոր մոտենալը, նշված խառնիչի լարով սկսել է խեղդել քրոջը և գցել հատակին: Տեսնելով որ վերջինս դեռևս շարժվում է՝ իր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, 58-ամյա տղամարդը հարակից սենյակից վերցրել է 35 սմ երկարությամբ ինքնաշեն եղանակով սրված երկաթը և որպես դանակ օգտագործելով՝ սկսել է կոկորդի հատվածից կտրել քրոջ գլուխը՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով նրան:

Այնուհետև գլխատելով քրոջ մարմինը՝ թողել է այն նույն վայրում, իսկ կտրված գլուխը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, վերցրել քրոջ առանձնատան սեփականության վկայականն ու այլ փաստաթղթեր և հեռացել է տանից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան