ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից:
Քայլ 1
Պարզել՝ արդյոք կարող եք օգտվել փոխհատուցումից
Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, ներկայացնում եք եկամուտների տարեկան հայտարարագիր, եկամտային հարկ վճարող եք և հաշվետու տարվա ընթացքում Ձեր և/կամ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարել եք առողջապահական և/կամ կրթական ուղղություններով սոցիալական ծախսեր։
Քայլ 2
Պարզել՝ արդյոք Ձեր կատարած վճարումները փոխհատուցվո՞ւմ են
Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե վճարել եք ուսման համար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցում և արտադպրոցական այլ հաստատություններում, նաև երաշխավորված այլ արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերով կրթական ծառայությունների համար։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները։ Իսկ առողջապահական ծախսերը փոխհատուցվում են, եթե Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ատամնաբուժական ծառայությունների համար։ (Ովքեր և ինչպես կարող են օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից՝ մանրամասները)։
Քայլ 3
Վճարումների դիմաց պահանջել հաշվարկային փաստաթուղթ
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), բացառությամբ` դասագրքերի վարձակալության վճարների, որոնց մասով վճարման ապացույց չի պահանջվում։ Հիշեք, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախսերի համար վճարումները պետք է կատարել անկանխիկ եղանակով։
Քայլ 4
Ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր
Հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով հետևյալ քայլերով.
ձեռք բերել էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն,
մուտք գործել համակարգ և ընտրել անձի նույնականացման Ձեր նախընտրելի տարբերակը,
հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով ՀՎՀՀ նույն համակարգի միջոցով,
հայտարարագրեր բաժնում ընտրել «Հաշվարկ հայտարարագրեր եկամտային հարկի և սոցիալական վճարի» ձևը, լրացնել, էլեկտրոնային ստորագրել և ուղարկել ՊԵԿ։
Քայլ 5
Ուղարկել դիմում և ստանալ սոցիալական ծախտի գումարը
Հայտարարագիրը ներկայացնելուց հետո կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները հետևյալ քայլերի միջոցով.
մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ,
հայտարարագրերից ընտրել «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» ձևը,
լրացնել բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափն ու գրանցել դիմումը,
դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ պետք է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը
լրացված հայտարարագրեր բաժնում ստորագրել դիմումը և հանձնել ՊԵԿ։
Իրազեկման թերթիկը՝ այստեղ։