41-ամյա կինը 32 գյուղացիներից խարդախությամբ շուրջ 22 մլն դրամի խոշոր եղջերավոր անասուններ և այլ ապրանքներ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի 41-ամյա բնակչուհու կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու բազմաթիվ դեպքերը: Այս մասին տեղեկացրին ՔԿ-ից:

«Քննությամբ պարզվել են խարդախությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը:

Քննությամբ հիմնավորվել է, որ 41-ամյա կինը, 2020-2023 թթ. ընթացքում, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միջոցով, Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հիմնականում գյուղաբնակ ընդհանուր 32 ֆիզիկական անձանցից, հափշտակել է ընդհանուր առմամբ 22.137.800 ՀՀ դրամ գումարի գույք:

Մասնավորապես՝ վերջինս, պարզելով, որ նշված մարզերի կոնկրետ բնակիչներ ունեն վաճառքի ենթակա խոշոր եղջերավոր անասուններ, նրանց մոլորության մեջ գցելու նպատակով դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը, գոյություն չունեցող կեղծ տվյալներ է հաղորդել 26 դեպքում իր կողմից իբրև թե ՀՀ զինված ուժերին և քրեակատարողական հիմնարկներին, իսկ երեք դեպքում՝ սննդի ընկերությանը մսի մատակարար լինելու մասին՝ խոստանալով ապրանքի դիմաց վճարել մատակարարելուց ստացված գումարով:

Այնուհետև փոխառության պայմանագիր կնքելը որպես վստահություն ձեռք բերելու միջոց օգտագործելով և գույքի սեփականատերերին այդ կերպ մոլորության մեջ գցելով՝ տարբեր քանակի և արժողության խոշոր եղջերավոր անասուններ գնելու շուրջ նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ գումարը երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարելու պայմանով։ Ապա ստանալով հիշյալ գույքը՝ խարդախությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է դրանք և վաճառել, գյուղացիներին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի հիշյալ բնակչուհին, պարզելով, որ երեք անձինք վաճառքի ենթակա տարբեր քանակի և արժողության սերմացու ունեն, այցելել է նրանց և պայմանավորվածություն ձեռք բերել դրանք գնելու շուրջ՝ գումարը մի քանի օրից վերադարձնելու պայմանով: Սակայն սերմացուն ստանալուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (15 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան