37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը․ ՆԳՆ ոստիկանություն

Ապրիլի 16-ին, ժամը 14.33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի հյուրանոցի աշխատակիցը և հայտնել, թե հյուրանոց են եկել կին և տղամարդ, ներկայացել մայր ու որդի, այնուհետև նրանց սենյակից լսվել է ծեծի ձայն, իսկ երբ իրենք մոտեցել են սենյակին, կնոջը հայտնաբերել են արնոտ ու ծեծված վիճակում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից. հայտնում էին, որ շտապօգնության բրիգադը նշված հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխում վնասվածքներ ստացած մի կնոջ: Ժամը 15.52-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից են հաղորդել, որ շտապօգնության բրիգադը բուժօգնության է տեղափոխել 75-ամյա մի կնոջ, որը հյուրանոցում ստացել է պարանոցի կտրած-արնահոսող վերք:

Մինչ այդ հաղորդում էր ստացվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Հաղորդում էին, որ մարմնական վնասվածքով նույն հյուրանոցից իրենց մոտ է տեղափոխվել Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որը 4-րդ հարկից նետվել և ստացել է ոտքի կոտրվածք:

Մեկնել են ոստիկանության և քննչական բաժինների պետերը` օպերատիվ խմբով: Պարզվել է, որ ժամը 13-ին հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ