33-ամյա տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Գորիս քաղաքի 56-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գորիս քաղաքի 33-ամյա բնակիչը, նույն քաղաքի 56-ամյա բնակչի հետ, անձնական հարցի՝ մտերմուհու կողմից իր հետ հետագա շփումը մերժելու կապակցությամբ 2022 թ. ապրիլի 10-ին՝ ժամը 22:30-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկի՝ Սաթյան փողոցին հարակից տարածքում վիճաբանության մեջ է մտել վերջինիս հոր հետ։

Դրանից րոպեներ անց՝ ժամը 23:11-ին, իր վարած «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենայով նա մեկնել է հիշյալ տարածք, ապա՝ հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինաբար կյանքից զրկելու հանցավոր դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող 9մմ տրամաչափի ակոսափող հրազենով կրակոցներ է արձակել տղամարդու կրծքավանդակի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ: Ժամը 23:20-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, վերջինս, գիտակցության չգալով, ստացած վնասվածքներից մահացել է:

Բացի այդ, նույն միջադեպի ընթացքում 33-ամյա երիտասարդը, սպանվածի 55-ամյա եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հիշյալ հրազենով մեկ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, ապա բռունցքով հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով 55-ամյա տղամարդը վայր է ընկել: Այնուհետև անձը ևս երկու կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. առաջին կրակոցի հետևանքով արձակված գնդակը դիպել է տղամարդու ժիլետի գրպանում գտնվող բջջային հեռախոսին, իսկ մյուս երկու կրակոցներից արձակված գնդակները վերջինիս չեն դիպել:

Գորիս քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու հարցը լուծելու նպատակով:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան