32-ամյա կնոջ բազմադրվագ խարդախություններից 21 անձ է տուժել․ նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախության և փաստաթղթային կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժել է 21 քաղաքացի:

«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 32-ամյա կինը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ, հայտնել, թե իբր նրանց կարող է դարձնել ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, և որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։ Կեղծ խոստումներ տալով, իր կողմից պատրաստված, անշարժ գույքերի գրանցման գործընթացի վերաբերյալ իբր Երևանի քաղաքապետարանից ստացված կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով նա 2020-2022 թթ․ ընթացքում 18 քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող ընդհանուր 29.230.200 ՀՀ դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ՌԴ ռուբլի գումար:

Նույն անձը 2020 թ․ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մոլորության մեջ գցելով, վստահությունը չարաշահելով, մի քաղաքացու հայտնել է, թե իբրև հայրը մեծ ժառանգություն է թողել իրեն, որը ստանալու համար գումար է անհրաժեշտ: Կասկած չհարուցելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով նա ներկայացրել է իբր

Դատախազությունից ստացված, մինչդեռ իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ գրություն այն մասին, որ ինքը քրոջ և եղբոր լիազորագրերի հիմքով ճանաչվել է միակ ժառանգ և ընդունել է նրանցից թողնված ողջ ժառանգությունը՝ 47 անշարժ գույք, 5 ավտոմեքենա և 50.000.000 ՀՀ դրամ գումար, որը պետք է ստանա բանկից: Արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացուց մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.000.000 ՀՀ դրամ գումար:

Նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբրև հանդիսանում է առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր, խոստացել գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Խոստումն իբրև թե կատարելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ներկայացրել է իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրև թե այդ անձը հանդիսանում է հիշյալ ՍՊ Ը-ի 63 տոկոս և առողջարանի 54 տոկոս բաժնետեր:

Բացի այդ, 2020թ․ ծանոթանալով մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս կողմից բնակարան գնելու մտադրության մասին՝ նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին տիրանալու նպատակով մշակել և իրականացրել է հանցավոր սխեմա։ Իրենց մտերմությունն օգտագործելով, որպես վստահությունը չարաշահելու միջոց, 2020թ․ այդ կնոջն առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրեն պատկանող երկու բնակարան։
Այնուհետև նշված անձի հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող հիշյալ բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին՝ 7.500.000 ՀՀ դրամ գումարով գնել բնակարաններից մեկը։

Տեսնելով հիշյալ բնակարանը գնելու հարցում ծանոթի պատրաստակամությունը՝ 32-ամյա կինը խնդրել և ստացել է նշված գումարից որպես կանխավճար 2.500.000 ՀՀ դրամ։ Գործարքին օրինական տեսք հաղորդելու միտումով գրել է ստացական-պարտավորագիր, ըստ որի՝ նշված գումարն ստանալով՝ իբր, պարտավորվել է տասնօրյա ժամկետում հանձնել բնակարանը։ Մնացած՝ շուրջ 5.000.000 ՀՀ դրամը, հափշտակելու դիտավորությամբ, առաջարկել է բնակարանի ձեռք բերման նպատակով գումարն իրեն տրամադրելու գործարքը կնքել նոտարական վավերացմամբ՝ այն ձևակերպելով որպես փոխառություն։ Գումարը ստանալով, նոտարական վավերացմամբ, նրա հետ կնքել է նույն գումարի չափով փոխառության պայմանագիր։

Այդ ընթացքում պատրաստել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իբրև տրված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը և նույն վարչական շրջանի մեկ այլ բնակարան սեփականության իրավունքով նշված անձի անվամբ գրանցված լինելու վերաբերյալ սեփականության կեղծ վկայականներ, որոնք տվել է վերջինին՝ այդ կերպ ավելի ամրապնդելով գործարքին օրինական տեսք հաղորդելու և մոլորության մեջ գցելուն ուղղված իր ջանքերը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 32-ամյա կինը տեղեկացել է, որ 2020 թ․ հուլիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրեն հասցեագրված գրության համաձայն՝ վերոհիշյալ 50 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կենտրոնական բանկ փոխանցելը դուրս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան իրավասության շրջանակներից:

Նշված գրությունը ստանալուց հետո ապօրինի պատրաստել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող նույն գրությունից՝ ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 50 միլիոն ՀՀ դրամ գումարը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարություն, որը հետագայում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Գրության հետ միաժամանակ նույն նախարարություն է ներկայացրել նաև իբրև ՀՀ կենտրոնական բանկից իրեն հասցեագրված, սակայն իր կողմից պատրաստված, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող գրությունը:

Շարունակելով կեղծիքների շարքը, նախաքննության ընթացքում իր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելուն հասնելու նպատակով, 32-ամյա կինը քննիչին է ներկայացրել իր կողմից պատրաստված, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող, Բ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի անունից բժշկական կեղծ էպիկրիզ, համաձայն որի՝ իբր ունի ուղեկցող մի շարք ծանր հիվանդություններ: Բուժհաստատությանն ուղղված հարցմամբ պարզվել է, որ նման տվյալներով բժիշկներ ՈՒԱԿ-ում չեն աշխատել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 32-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագ և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում