32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը

Ռուսական զորքերը ապրիլի 13-ին հարվածներ են հասցրել Սումի քաղաքի կենտրոնին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության թարմացված տվյալների համաձայն՝ զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, 100 մարդ վիրավորվել, այդ թվում՝ 11 երեխա։ Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ ռուսները երկու բալիստիկ հարված են հասցրել Սումիին։

Զոհերի թիվը, ըստ նրա, դեռ կարող է աճել։ Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Սումիի հրետակոծությունը։

Գնդակոծությունը տեղի է ունեցել ցերեկով, երբ զոհվածներից ու վիրավորներից շատերը եղել են փողոցներում, մեքենաներում և հասարակական տրանսպորտում։

«Հարվածները հստակ արձանագրվել են քաղաքի կենտրոնում: Այսօր Ծաղկազարդի կիրակի է, շատերը դրսում էին, մոտակայքում եկեղեցի կա, որտեղ օծում է կատարվում: Հենց այդ ժամանակ ռուսները հարվածել են՝ հստակ գիտակցելով, որ հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը», – ասել է Կլիմենկոն:

«Արդեն երկրորդ ամիսն է, ինչ Պուտինը անտեսում է հրադադարի ամբողջական և անվերապահ դադարեցման վերաբերյալ Ամերիկայի առաջարկը: Ցավոք, նրանք Մոսկվայում վստահ են, որ կարող են իրենց թույլ տալ շարունակել սպանությունները: Մենք պետք է գործենք իրավիճակը փոխելու համար», – գրել է իր էջերում նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ինչպես հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը, Սումիում տեղի ունեցած հարձակումը հարվածել է Սումիի պետական համալսարանի Կոնգրեսի կենտրոնին, որտեղ հաճախ են դասեր անցկացվում երեխաների համար։

«Կոնգրեսի կենտրոնում այս տարածքը շատ ակտիվորեն տրվում է վարձակալության և օգտագործվում է տարբեր դասընթացների, ակումբների և վարպետության դասերի անցկացման համար: Իրականում, դա կրթական կենտրոն էր ամբողջ քաղաքի համար», – BBC-ի ուկրաինական ծառայությանն ասել են տեղի բնակիչները:

Վնասվել են նաև շրջակա փողոցները՝ ջարդուփշուր են եղել մեքենաներ, վնասվել են հարակից տները։

Հրթիռակոծության վայրից լուսանկարում պատկերված են փողոցում ընկած դիեր։

«Շատ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Նման հարձակումը քրիստոնեական մեծ տոնի օրը՝ ապրիլի 13-ին, բացարձակ չարիք է», – ասել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան:

Նա հավելել է, որ արդեն մանրամասն տեղեկություններ են փոխանցել բոլոր գործընկերներին և միջազգային կառույցներին  պատերազմական հանցագործության մասին:

«Կոչ ենք անում բոլոր մայրաքաղաքներին և շտաբներին վճռական գործողություններ ձեռնարկել: Երկրորդ ամիսն անընդմեջ Ռուսաստանը հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը ամբողջական հրադադարի մասին, որն Ուկրաինան անվերապահորեն ընդունեց մարտի 11-ին»,- հավելել է Սիբիգան:

Քաղաքում մոբիլիզացվել են բոլոր արտակարգ ծառայությունները, դրանք, ըստ երկրի նախագահի, գործում են արտակարգ ռեժիմով:

«Մեզ պետք է կոշտ պատասխան աշխարհից: ԱՄՆ-ից, Եվրոպայից, աշխարհում բոլոր նրանցից, ովքեր ցանկանում են, որ այս պատերազմն ու սպանությունները ավարտվեն: Ռուսաստանը ցանկանում է հենց այսպիսի ահաբեկչություն և երկարացնում է այս պատերազմը: Առանց ագրեսորի վրա ճնշման խաղաղությունն անհնար է: Խոսակցությունները երբեք չեն դադարեցրել բալիստիկ և օդային ռումբերը»,- սոցցանցերի  իր էջում գրել է Զելենսկին:

Related posts

Էմմա Պողոսյանը ծանրամարտի ԵԱ-ում 5-րդն է, Մարգարիտա Առաքելյանը՝ 10-րդը

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

Վարդան Ղուկասյանի ճեպազրուցը երդմնակալությունից հետո