29-ամյա երիտասարդը և ընկերը Արմավիրի բնակչին պատժելու նպատակով ՌԴ–ից վերադարձել են ՀՀ, հավաքել կողմնակիցներ, զինել, շրջափակել գրասենյակն ու կրակոցներ արձակել․ 29 անձ մեղադրյալ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 29 անձի:

Իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող 29-ամյա երիտասարդը, ընկերոջ և ՀՀ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված, լարված հարաբերությունների մեջ է գտնվել վերջինիս հետ: Արտերկրում նշված հարցերի շուրջ կատարված պարզաբանման ընթացքում կողմերի միջև տեղի են ունեցել վիճաբանություններ, որից հետո՝ 2021թ. նոյեմբերի 4-ին, 29-ամյա երիտասարդը և ընկերը, նպատակադրվելով հրապարակայնորեն պատժել Արմավիրի բնակչին, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:

Այդ նպատակով 29-ամյա երիտասարդը և նրա հորեղբայրը 2021թ. նոյեմբերի 19-ին հավաքել են իրենց կողմնակիցներին, վերջիններիս զինել մետաղյա և փայտե ձողերով, ատրճանակներով, որից հետո Արմավիրի բնակչին հրապարակայնորեն պատժելու շուրջ նախնական պայմանավորվածության համաձայն, խմբի անդամները պարզել են նրա կողմնակիցների քանակը և գտնվելու վայրը:

Այդ ընթացքում Արմավիրի 28-ամյա բնակիչը և 29-ամյա երիտասարդի կողմնակիցներից երկուսը հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն որևէ հստակ պարզաբանումներ չեն կատարվել, որից հետո 28-ամյա երիտասարդը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երիտասարդին հրապարակայնորեն պատժելու նպատակով, իր կողմնակիցներին հավաքել է Արմավիր համայնքի Ջիվանու փողոցում գտնվող ընկերության գրասենյակում՝ ատրճանակներով, մահակներով և այլ առարկաներով զինված սպասելով հակառակ կողմին:

Քննությամբ պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը և հորեղբայրը, տեղեկանալով Արմավիրի բնակչի գտնվելու ստույգ վայրի մասին, իրենց կողմնակիցների հետ տարբեր ավտոմեքենաներով մոտեցել են վերոնշյալ գրասենյակին և երկու կողմից շրջապատել այն: Գրասենյակում գտնվող խմբի անդամները, նկատելով մոտեցող ավտոմեքենաները, նախահարձակ են եղել, իսկ վերջիններս էլ հարձակվել են նրանց վրա: Միջադեպի ընթացքում օգտագործվել են մետաղական ձողեր, մահակներ և այլ առարկաներ:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 29-ամյա երիտասարդի մտերիմներից երկուսն իրենց մոտ պահվող ատրճանակներից կրակոցներ են արձակել 28-ամյա երիտասարդի և նրա կողմնակիցների ուղղությամբ՝ սպառնալով բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, իսկ 28-ամյա երիտասարդի կողմնակիցներից մեկն էլ, բռնություն գործադրելու սպառնալիքով, իր մոտ պահվող զենքով կրակոցներ է արձակել հակառակ կողմի անդամների ուղղությամբ:

Խուլիգանության ընթացքում Արմավիրի բնակիչը, 29-ամյա երիտասարդի ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնաս:

Բացի այդ, Արմավիրի բնակիչը նույն ատրճանակից կրակոցներ է արձակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Վերը նշված երկու խմբավորումների անդամները, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե խաթարել են Արմավիր համայնքի Ջիվանու փողոցի երթևեկությունը. տևականորեն և բարձրաձայն հնչեցրել հայհոյանքներ, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, մահակների և այլ առարկաների գործադրմամբ հասցրել են փոխադարձ հարվածներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4 մասով: Միջադեպի մասնակիցներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից