ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունել է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Ֆինանսական պայմանագրով նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով բանկը Հայաստանին տրամադրելու է 236 մլն եվրո վարկ, որն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի-Քաջարանի 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը:
Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածով՝ Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ՝ 27.1 կմ երկարությամբ), Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ, Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբեր:
Ակնկալվում է, որ ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: