2025-ին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը. Փաշինյան

Հարգելի գործընկերներ, ԱԺ-ում առիթ չեղավ այդ մասին խոսելու, բայց ես ուզում եմ արձանագրել, հիմա արդեն նաև մենք Քաղաքաշինության կոմիտեի հետ և փոխվարչապետ Խաչատրյանի հետ թվերը վերանայել ենք, վերստուգել ենք, և կարող եմ ասել, որ վերջին ութ տարիներին՝ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ, ԽՍՀՄ-ի վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած՝ Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են ԽՍՀՄ տարիներին իրականացված ներդրումները։ Խոսքը 1981-1988 թվականների ներդրումների մասին է։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նախորդող շրջանում, եթե ճիշտ եմ հասկանում, խոսքը Խորհրդային Հայաստանում կատարված ներդրումների մասին է։ Եթե ճիշտ եմ հասկանում, նախորդող շրջանում ավելի ակտիվ կապիտալ ներդրումների ժամանակաշրջան չի եղել։ Դա էլ է պետք ստուգել, տեսնել՝ 1981-ին նախորդած շրջանը՝ 70-ականների երկրորդ կեսին, ինչ ծավալ է ստացվել։ Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ վերջին 8 տարում ԽՍՀՄ-ի Հայկական ԽՍՀ-ի ծավալներից ավելի մեծ կապիտալ ներդրումներ ենք իրականացրել։

Ինչի՞ց հարցը ծագեց։ Որովհետև տարբեր մարզերում, երբ որ մարդկանց հետ շփվում ենք, մարդիկ ասում են, որ նույնիսկ ԽՍՀՄ ժամանակ այս ծավալի շինարարություն չի եղել։ Եվ շատ հետաքրքիր է, որ ժողովրդական աչքաչափը ինչ ճիշտ է։ Հետո հանում ենք վիճակագրական տվյալները և տեսնում ենք, որ ներդրումների ծավալներն ավելի մեծ են։

Եվս մեկ ցուցանիշ․ 2025 թվականին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը, որը Խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է։

Ես սա ինչո՛վ եմ կարևոր համարում։ Գիտեք՝ անկախությունից ի վեր, շատ արագ առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո, մեր ժողովուրդը Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով է ապրել, և դա կապված է եղել նաև այս երևույթների հետ, երբ որ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են։ Եվ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ։ Ես կարծում եմ, որ այսպիսով նաև մենք և մեր ժողովուրդը հաղթահարում ենք ԽՍՀՄ-ի այդ նոստալգիան, որովհետև իրենք հասկանում են, որ ՀՀ-ն իրենց պետությունն է, այլևս մղում է իրենց նայելու առաջ և ոչ թե նայելու հետ։ Սա շատ, շատ կարևոր արձանագրում է»,- նշեց վարչապետը։

Տեսանյութը՝ այստեղ:

Related posts

Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց