2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք: Փախստականների համար կգործի տուրքից ազատման բաղադրիչ. դա կվերաբերի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

Ամբողջությամբ ընդունվեց նաև 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակը, համաձայն որի՝ փոփոխվել են եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար, 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այս նախագծին խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:

Ընդունվեց նաև «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է տրամադրել 200 մլն դոլարի վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության և Մ2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: Այս նախագծին ևս խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում