2023-ին ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող շահառուների ցանկը, ծնվել է 159 երեխա. Ավանեսյան

Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը՝ ապահովելով հասանելի, արդիական, որակյալ առողջապահական ծառայություններ՝ մարդու ծնվելուց մինչև կյանքի վերջ: Մեր նպատակն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պահպանի, ամրացնի իր առողջությունը, ֆիզիկապես և հոգեբանորեն կարողանա ամբողջությամբ իրացնել իր պոտենցիալը, կրթվել, արդյունք ստեղծել, կառուցել բարեկեցիկ կյանք, դիմակայել մարտահրավերներին և երջանիկ լինել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի առողջապահության հատվածը:

Նախարարի խոսքով՝ 2023 թվականին ավելացել են պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները՝ 861 հազար 845, ինչը 74 հազար 981-ով ավելի է 2022-ից և շուրջ երկուսուկես անգամ ավելի է 2017 թվականից:

Ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ՝ ապահովելու արդարություն և թափանցիկություն: Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով սքրինինգի շրջանակում շուրջ 10 հազար կին 2023-ին հետազոտվել է, հարյուրավոր կանայք ախտորոշվել են՝ պահպանելով կյանքի որակը:

«Սրտանոթային հիվանդությունների շուրջ 42 հազար ծառայություն է մատուցվել, ինչը 7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդլայնվել է գլխուղեղի կաթվածի ծրագիրը, արյան շրջանառության համակարգի հիվանդացությունը, որը մեր երկրի մահացության առումով առաջին տեղն է գրավում, 2022-ին նվազել է 14,1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ 2023 թվականին ևս նվազել է 10,2 տոկոսով: Ավելացել է օրգանների փոխպատվաստման ծառայությունների թիվը, կատարվել են 60-ից ավելի վիրահատություններ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում կատարած աշխատանքները, հայտնեց՝ ընդլայնվել է նաև վերարտադրողականության օժդանդակ տեխնոլոգիաներից օգտվող շահառուների ցանկը, կատարվել է 5 441 շահառուի համար ախտորոշում, բուժում, որի արդյունքում գրանցվել է 736 հղիություն, ծնվել է 159 երեխա:

«Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք արդեն 100-ից ավելի ծնված բալիկներ ունենք: 2023 թվականին ծնվել է 35 հազար 854 երեխա՝ 2022-ի 35 հազար 649-ի համեմատ, աճը կազմել է 205»,- հայտնեց նախարարը:

Հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և քրոնիկ վիճակների կառավարման մասով Ավանեսյանը կարևորեց Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բարեփոխումները՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների:

«ԱԱՊ այցելությունների թիվը նախորդ տարվա 5,3 միլիոնից 2023-ին կազմել է 6 միլիոն»,- տեղեկացրեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ շարունակելու են այս օղակում վերազինման և կատարելագործման աշխատանքները:

«2023-ին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են մեկ տասնյակից ավելի ԲԿ-ների կառուցման, վերակառուցման ծրագրեր: Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոններն այսօր մատուցում են արդի ծառայություններ մարզի բնակչությանը: Մեկնարկել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի, Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկական մասնաճյուղի վերակառուցման աշխատանքները: Շարունակվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Հոգեկան առողջության կենտրոնի, Սիսիսանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի, Մասիսի, Եղվարդի, Տաշիրի ԲԿ-ների շինարարական աշխատանքները: Ընթանում է 19 ամբուլատորիաների և 9 պոլիկլինիկաների կառուցման, վերակառուցման և նախագծման աշխատանքները»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծեց՝ շարունակելու են Կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները, որոնց մեջ ամենակարևորներից մեկը ապահովագրությունն է:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ