20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան հուլիսի նորման էր. Արեյանը՝ հորդառատ անձրևի վնասների մասին

Մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում հորդառատ անձրևների ընթացքում հեղեղվել են մայթեր, փողոցներ, ստորգետնյա տրանսպորտային հանգույցներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով հուլիսի 25-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքները։

Ըստ Արեյանի՝ մայրաքաղաքում տեղացել է հուլիսի նորման կրկնակի գերազանցող տեղումների քանակ՝ հասնելով 18 միլիմետրի, այսինքն՝ 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան 1 ամսվա նորման էր:

«Անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չկար մայրաքաղաքում, այսինքն՝ համակարգն ամբողջ ծավալը քաշել էր: Բայց, այնուամենայնիվ, ինտենսիվությունը և տեղումների առատությունը հանգեցրին որոշակի խնդիրների։ Ջրային կուտակումների և դժվարանցանելի հատվածների 20 դեպք է գրանցվել մայրաքաղաքում»,- ասաց նա:

Ըստ Արեյանի՝ խնդրահարույց էին «Հաղթանակ» կամուրջը, Քրիստափորի փողոցի մետրոպոլիտենի կամրջի և «Գործարանային» կայարանի հատվածները, իսկ փողոցներից ամենախնդրահարույցը Գյուրջյանն ու Օրբելին էր։

Գրանցվել է նաև 15 ծառերի և ճյուղերի տապալման դեպք, էլեկտրասյուների մալուխների բռնկման 25 դեպք, տանիքների և ջրհորդան խողովակների խաթարման 5 դեպք, քարաթափումների և փլուզումների 4 դեպք։

«Պատրաստել ենք 50 հասցեների նախագծանախահաշվային փաստաթղթերը, և այս պահին այդ ծավալը ֆինանսական առումով կազմում է 10 մլրդ 88 մլն դրամ 52.6 կիլոմետրի համար»,- ասաց նա և հավելեց, որ այսօր «Վեոլիա ջուրը» կշարունակի հեղեղումներից հետո անձրևընդունիչ հորերից բոլոր բերվածքների մաքրման աշխատանքները:

«Բոլոր հետևանքները վերացված են, քարաթափումներից ամենադժվարը Հալաբյան-Հրազդան կիրճ տանող ճանապարհն էր, որի մի կողմը փակվել էր, հաջորդ իսկ օրը բացել են ամբողջ ճանապարհը, և ամբողջ այս համակարգի սպասարկման խնդիրը մեզ համար դառնում է առաջնահերթ «Վեոլիա ջրի» հետ, որպեսզի խուսափենք նման կուտակումներից»,- ասաց նա:

Քաղաքապետի խորհրդականը նաև վստահեցրեց, որ քաղաքապետի՝ ամիսներ առաջ տված հանձնարարականն արդեն իսկ կատարվել է, գույքագրվել են քաղաքում հեղեղատար համակարգեր չունեցող հատվածները և վերականգնման ենթակա տեղանքները։ Մայրաքաղաքի՝ հեղեղատար չունեցող 50 հատվածների համար պատվիրվել են 50 հասցեների կառուցման-վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, անցել են փորձաքննություն:

Related posts

Վանաձորում որոնում են Փամբակ գետն ընկած 2 երեխաներին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է․ աշխատակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ

Քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը