Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն

Ֆրանսիայի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Սա իմ 38-րդ այցն է Հայաստան: Մեր պատվիրակությունն այցելել է նաեւ Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր շուրջ կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին՝ ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական եւ նորարարական հարթակ: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ, լռությամբ հարգում զոհերի հիշատակը: Այս հուշահամալիրը հզոր վայր է: Որպես հումանիստ՝ բոլորիս պարտքն է գալ եւ հարգանքի տուրք մատուցել»,- ասաց «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առաջին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան:

Եռաբլուրում պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Related posts

ՀՌՀ-ն սահմանել է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները

8 563 տեղահանված ընտանիք հավաստագիր է ստացել․ ի՞նչ խնդիրների են բախվում այդ ճանապարհին

Գեղարքունիքում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ