Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Լրացում է կատարվել 2019 թվականի փետրվարի 15-ի՝ «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» որոշման մեջ: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնք առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է բացառիկ: Մասնավորապես՝ մինչև մարզիկի 26 տարեկան լրանալը Օլիմպիական խաղերում մրցանակակիր դառնալը / ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալ/ կամ շախմատում միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացնելը կհամարվի բացառիկ նվաճում: Միաժամանակ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ: Այն բխում է սույն կարգավորումների համատեքստում՝ բացառելու միևնույն սպորտային նվաճումը և՛ որպես տարկետման, և՛ որպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու հիմք դիտարկելուն:

ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից նախատեսվող բացառիկ նվաճմանն այս պահին համապատասխանում է 7 մարզիկ, որոնցից 2-ը Օլիմպիական մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ, որոնցից որոշ մարզիկներ արդեն իսկ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող մարզիկների սպորտային գործունեության համարժեք գնահատումը, անընդհատությունը, և կամրագրվի նրանց բացառիկ նվաճումը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում