Օդային տագնապի ֆոնին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանում է սկսվել

Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում օդային տագնապի պատճառով տարհանում է սկսվել։ Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ուղևորներին հորդորել են տեղափոխվել մոտակա անվտանգ գոտիներ և ապաստարաններ։ Օդանավակայանի աշխատակիցներն աջակցում են մարդկանց տեղաշարժին և տեղեկություններ տրամադրում ստեղծված իրավիճակի մասին։ Հայտարարության համաձայն՝ «Շերեմետևոն» ժամանակավորապես դադարեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը։

Օդանավակայանի մամուլի ծառայությունը նաև նախազգուշացրել է, որ արգելվում է օգտվել վերելակներից, օդանավերը որպես ապաստարան օգտագործել, գտնվել պատուհանների և ապակե կառույցների մոտ, ինչպես նաև լուսանկարել կամ տեսանկարահանել տեղի ունեցողը։ Ուղևորներին հորդորել են չմոտենալ անօդաչու թռչող սարքերին և դրանց բեկորներին։

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավերի ընդունումն ու մեկնումը ժամանակավորապես դադարեցվել է նաև «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։

Գործակալությունից հայտնել են, որ քաղաքացիական ավիացիայի աշխատանքը գտնվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության և «Ռոսավիացիայի» հատուկ վերահսկողության ներքո։

Ուղևորներին աջակցելու համար ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ, իսկ օդանավակայանների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ «Ռոսավիացիայի» փոխանցմամբ՝ տերմինալներում իրավիճակը հանգիստ է, իսկ ավիաընկերությունները ճշգրտում են չվերթների ժամանակացույցերը։

Related posts

Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Նազելի Բաղդասարյանի հանդիպումը ՇՊՀ-ում․ խնդիրներ, հարցեր և առաջարկներ

Իլոն Մասկը ԱՄՆ-ում հանրապետականների նախընտրական արշավին ավելի քան 445 մլն դոլար է հատկացրել