Քրեական օրենսգրքում փոփոխություններ․ կեղծ հայտարարագրերի համար պատասխանատվությունը խստացվում է

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Ազգային Ժողովից։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախագծով փոփոխություններ են առաջարկվում օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն: Փոխնախարարի խոսքով փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ, որով գործնականում տարակերպ մեկնաբանման դաշտ է ստեղծվել, թե ՊԵԿ հայտարարագրեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կարո՞ղ է արդյոք գործել 444-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել հանցակազմերի սուբյեկտի շրջանակը, կանխել գործնականում առաջացող լայն մեկնաբանությունների եւ հակասությունների ռիսկերը հանցակազմի օբյեկտի եւ սուբյեկտի հետ կապված:

Հարակից զեկույցում պատգամավոր Լիլիթ Մինասյանը պարզաբանել է, որ նախագիծը չի վերաբերում հանրության լայն շերտերին: Կարգավորումը վերաբերում է այն անձանց, որոնք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին. այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Related posts

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է