Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մտքեր են փոխանակվել նաև միջոցառումների ձևաչափերին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ:

Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը նման հանձնաժողով ստեղծելու համար և նշել. ««Ազնավուր» հիմնադրամի առաքելության հիմնական ուղղություններից մեկը Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է, ինչպես նաև այն բարեգործական, հումանիտար արժեքների, որոնք նա կրում էր: Այդ համատեքստում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին նախապատրաստվելը մեզ համար բացառիկ կարևոր աշխատանքային ուղղություն է»:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և այդ համատեքստում ընդգծել շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան