Քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները

Աշխատանքային այցով Դոհայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հարցերով երկրորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաս Սուլյոկի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների սերտացման հնարավոր ուղիները։ Կողմերը կարևորել են ավիափոխադրումների և դեղագործական ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտում կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Նախագահները նաև առանձնացրել են Հունգարիայի հայ համայնքի կարևոր դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Տամաս Սուլյոկը նշել է, որ շնորհիվ հայ համայնքի ակտիվ գործունեության՝ Հունգարիայում Հայաստանն ընկալվում է որպես բարեկամ երկիր։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես հունգարահայերի, այնպես էլ ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հունգարիայի իշխանությունների որդեգրած հարգալից և ներառական քաղաքականությունը։

Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, որոնք նոր խթան են հաղորդում գործարար շրջանակների համագործակցության ակտիվացմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության խորացմանը։

Related posts

Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ