Անձամբ խոստացել եմ՝ օլիմպիական չեմպիոն հռչակվող մարզիկների անունով կհիմնվեն մարզադպրոցներ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պետական ծրագրեր կան 2023 թվականին Գյումրիում սպորտդպրոցների վերանորոգման և երեխաների՝ սպորտով զբաղվելու համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարության քաղաքականությունն է առանձին վերցրած ցատկուղի և վազքուղի և ցատկափոս չնորոգել:

«Պատկերացրեք, որ մենք եվրոռեմոնտ ենք անում ցատկափոսը և վազքուղին, և դա խարխուլ մարզադաշտում է լինում: Ցավոք, Հայաստանում այդպիսի տեսարաններ շատ կան, երբ, ենթադրենք, մի դպրոցի դասարան ենք նորոգում, և մի տարի խոսում, որ մենք այս դպրոցի դասարանը նորոգեցինք, բայց դպրոցում սանհանգույց չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Գյումրիում կառուցվում է հանրապետական նշանակության մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը, որն այնպիսի ստանդարտով է կառուցվում, որ միջազգային մրցաշարեր հնարավոր լինի հյուրընկալել:

«Պատրաստ ենք աջակցել, որպեսզի համայնքը վերանորոգման աշխատանքներն անի, բայց մյուս կողմից՝ ուզում եմ ընդգծել, որ մենք մոռանում ենք, որ մարզադպրոցն առանց բովանդակության ընդամենը գործի կեսն է, և մենք այս տարվանից նաև մեկնարկում ենք մարզիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որով նրանք աշխատավարձի հավելավճար կստանան. ի հեճուկս նրան, որ նրանք համայնքային ենթակայության կազմակերպություններ են: Մենք որոշել ենք, որ բյուջեից այդ մարդկանց հավելվաճար պետք է տանք, որ լրացուցիչ ծրագրեր անենք սպորտային խմբակներին և մարզումներին երեխաների մասնակցության համար:

Ընդ որում՝ բովանդակային ուրիշ փոփոխություններ էլ ենք արել. ֆիզկուլտուրայի դասաժամերը 45 րոպե գտնվելու վայր չենք դարձնում, մենք կրեդիտների համակարգեր ենք ներդնում, որ աշախակերտները կարողանան ֆիզկուլտուրայի ժամին, եթե ավելի նախընտրում են ըմբշամարտ, մասնակցեն հավելյալ ըմբշամարտի կամ այլ մարզաձևերի պարապմունքների, ինչը կդիտվի որպես ֆիզկուլտուրայի դասի մասնակցություն և ստանան գնահատական. մյուս կողմից՝ ես անձամբ խոստացել եմ, որ բոլոր այն մարզիկները, որոնք կդառնան օլիմպիական չեմպիոն, իրենց անունով Հայաստանում մարզադպրոց կհիմնվի»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ քանի գյումրեցի առաջիկա օլիմպիադայում նվաճի ոսկե մեդալ, այդքան նոր անվանական մարզադպրոց բյուջեի հաշվին կկառուցվի:

«Վերափոխման ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանը մինչև 2050 թվականի վերջը պետք է նվաճի առնվազն 25 օլիմպիական մեդալ. դա հնարավոր չէ անել առանց սպորտային ենթակառուցվածքներում ներդրումներ անելու. մի պայմանով, որ մենք դա կանենք ոչ միայն Գյումրիում, այլև Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում»,- ընդգծեց Փաշինյանը:

Related posts

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով