Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ մայիսի 29-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը։

Այս հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ալի Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանին նախագահի, արտգործնախարարի ու մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղելու առնչությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ վարչապետի այցը Թեհրան։

Քանին շեշտել է իրենք հանձնառությունը՝ արդյունավետ դերակատարում ունենալ կովկասյան տարածաշրջանում տևական անվտանգություն ու կայունություն հաստատելու գործում։

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ կյանքի կոչել Երևանի հետ արդեն իսկ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև օգնել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է վարել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։

Ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

Նշվում է, որ իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների կապակցությամբ։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ