Քանաքեռում աղմկոտ սպանության գործով կալանավորվել են նախկին պատգամավորի 3 որդիները

Քանաքեռում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով 3 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Երեք կալանավորվածները դեպքի օրը սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիներն են։

Գործով մյուս երկու ձերբակալվածներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ի գիշերը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տան բակում հնչած փոխհրաձգությունների հետևանքով տեղում սպանվել են քրեական հեղինակություն համարվող՝ Քանաքեռցի Տույ մականունով հայտնի 43-ամյա Արթուր Ղազարյանն ու 37-ամյա Արայիկ Խաչատրյանը, 61-ամյա նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են հիվանդանոցում։

Փոխհրաձգությունների հետևանքով նաև 4 վիրավոր կա, որոնցից երկուսը նախկին պատգամավորի որդիներն են:

Թե ինչն է եղել դեպքի պատճառը, դեռ հայտնի չէ, իրավապահները տարբեր վարկածներ են քննում:

Նշենք, որ առաջինը սպանվել է «Քանաքեռցի Տույ» անունով հայտնի Արթուր Ղազարյանը, վերջինս նախկինում դատապարտված է եղել ապօրինի զենք կրելու համար:

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել