Քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար էր պահանջել. Բազումի ոստիկանների բացահայտումը

Մարտի 4-ին ոստիկանության Բազումի բաժնում շորթման վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել. քաղաքի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերը փետրվարի 13-ին բռնել էր խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել սուպերմարկետի պահեստ և ապօրինի զրկելով ազատությունից՝ նրանց կամքին հակառակ պահել էր այնտեղ։ Տղամարդը զանգել ու կանչել էր անչափահասների մայրերին։ Նրանցից պահանջել էր 1000 դոլար՝ ոստիկանություն չհայտնելու և նրանց երեխաների մասին արատավորող տեղեկություններ չտարածելու համար: Կանայք հայտնել էին, որ սոցիալական ծանր վիճակում են, ապա համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուրը մենեջերին ամսական մաս-մաս կվճարի 100 000 դրամ: Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ 30-ամյա մենեջերը պարբերաբար զանգում էր կանանց և փողը պահանջում։
Բազումի բաժնի ծառայողները, համագործակցեցին ոստիկանության Լոռու մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողների հետ։
Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կանանցից մեկը փորձագետների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցել է սուպերմարկետի 29-ամյա տնօրենին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում սուպերմարկետի տնօրենն ու նրա հայրը բերման են ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Վանաձորի Շինարարների փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև մենեջերը:
Տնօրենի անձնական խուզարկությամբ, ուլտրամանուշակագույն լույսի կիրառման արդյունքում, նրա ձեռքերի և հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքեր:
Մենեջերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչներ, գաղտնի փականով դանակ և ծխախոտի տուփ, որի մեջ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ էր։ «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է «շորթում» գրառմամբ 60 հազար դրամը։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերությունները պետական աջակցություն կստանան

Գյումրու օդանավակայանի ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է. Փաշինյան

Ոնց որ մեր երկրում կան կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպեր, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել.Փաշինյան