Փորձնական օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն չկա. հարկ եղած դեպքում այն կլինի իրական

Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական օդային տագնապի ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները»,- գրել է Ցոլակյանը:

Նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

«Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և զանգվածային լրատվության միջոցներով: Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- հավելել է Ֆելիքս Ցոլակյանը:

Related posts

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրանց գյուղ մեկնած զինծառայողներն ուղերձով դիմել են հանրությանը

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը