Փաշինյանն ու Լեո Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ, ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը:

Լեո Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերին: Այս առումով կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից