Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Այս առաջարկը Փաշինյանը հնչեցրեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային տարածքներ այցից հետո: Նա տեղում ծանոթացել է իրադրությանը և Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցում էին նաև Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, կիսվել է տպավորություններով ու առաջարկել իրադրության հանգուցալուծման պլան:

«Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Այդ նպատակով ես առաջարկում եմ իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում և հանդես գալիս բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանն ու Ադրբեջանի իշխանություններին: Առաջարկը հետևյալն է՝ պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Ընդհանրապես այդ տարածքներից Զինված ուժերի ներկայացուցիչները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ: Որից հետո միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում