«Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական էր և օգտակար». Ալիև

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա:

Ալիևը նաև հայտարարել է, որ ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որոնք ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են։ Նրա խոսքով` դրանցից են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն:

Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Related posts

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել