Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:

Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով:Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան