Փաշինյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին:
Ռումեն Ռադևը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնողական քայլերը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ:

Related posts

Ավտոմեքենան սահել, ընկել է Չիչխան գետը

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշում է կայացրել

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. վնասվածքը վրաերթի հետևանք էր