Ցնցված ենք ԼՂ վերադարձող երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի անթույլատրելի վերաբերմունքից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Հայաստանում մնացած երեխաների՝ Արցախ տեղափոխման ընթացքում տեղի ունեցած միջադեպը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։

Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։

Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում:

Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար»։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան