Ցմահ դատապարտյալը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում գրանցել է հերթական ռեկորդը

2021 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել և իրականացվել է հերթական ռեկորդի գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը, ցմահ դատապարտյալ, 36-ամյա Թաթուլ Միրզոյանը 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ ուսագոտուց հրել է վեր 1450 անգամ 1 ժամ 03 րոպեում՝ 743 հրումով գերազանցելով դեռևս անցած տարի սեպտեմբերին գրանցած սեփական ռեկորդը։

««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանի և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանի կողմից երկարատև համագործակցության, միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման, դատապարտյալների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու, մարզական բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Թ․ Միրզոյանին աջակցելու, քաջալերելու և քրեակատարողական հիմնարկում բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Գերասիմ Գևորգյանը պարգևատրվել է շնորհակալագրերով և մեդալով։

Վ․ Թովմասյանը Թ․ Միրզոյանին հանձնել է նաև «Դյուցազնագիրք», իսկ Գ․ Սարոյանը՝ ասոցացիայի անդամատոմս։ Ռեկորդակրի անունը գրանցվելու է հերթական «Դյուցազնագրքում»։

Թաթուլ Միրզոյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված Սևակ Սաղաթելյանի հիշատակին։

 

Related posts

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան