Տղամարդուն սպանելու և այրելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի բնակչին

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 17-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև, 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարևանությամբ գտնվող կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակի հետքերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար

«Պիցցա Տաշիրի» ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան