Տղամարդը կալանավորվել է՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է 2024թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու և այդ կերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մի շարք քաղաքացիներ իրականացրել են անհնազանդության ակցիաներ, որի ընթացքում արգելափակել են ճանապարհի երթևեկելի հատվածը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ակցիայի մասնակիցներին՝ ճանապարհի երթևեկելի հատվածը բացելու օրինական պահանջ են ներկայացրել, ինչը, սակայն, վերջիններիս կողմից չի կատարվել: Այդ ժամանակ տվյալ տարածքում է գտնվել նաև Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը, ով, քննության տվյալներով, չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող: Երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և ցանկացել իր օրինական ծառայողական գործունեության շրջանակներում իրականացնել վարչական ձերբակալում, 54-ամյա տղամարդը, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել էր «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոնը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան