ՏԿԵ փոխնախարարը հյուրընկալել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի փորձագետներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն ընդունել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմին։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևոր է համարել նման հանդիպումների առավել հաճախակի կազմակերպումը։ Մանուկյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր են նման հանդիպում-քննարկումները, քանի որ ՀՀ ՏԿԵ նախարարությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական գերատեսչություններից մեկն է։
ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Շիրիշկամուր Ռավանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները, հնչել են մի շարք առաջարկություններ՝ աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումը կշարունակվի աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովի շրջանակներում։

Related posts

Երկրաշարժ Մարտունիից 6 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Մարտունիում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը