«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործն ուղարկվել է դատարան և վարույթ ընդունվել:
Ավելի վաղ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։