Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և հանգամանալից քննարկել քաղաքական երկխոսության հետագա խորացման և արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և առանց նախապայմանների հայրենադարձումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի, հատկապես՝ տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և նրանց համապարփակ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը։

Related posts

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

120 երկիր, իսկ Հայաստանը՝ լավագույն հնգյակում․ աշակերտների հաջողությունը AI օլիմպիադայում

Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար