Տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը

Սեպտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Օրակարգում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անձանց միջպետական հետախուզման, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, համացանցում թմրամիջոցների անօրինական շրջնառության հակազդման, կիբեռհանցավորության դեմ պայքարի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի օբյեկտներում հասարակական կարգի ապահովման և այլ հարցեր էին:
Նիստում ելույթ ունեցավ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով ներքին գործերի նախարարության կազմավորման ընթացքին, Պարեկային ծառայության կայացմանն ու քրեական ոստիկանության ստորաբաժանումների կազմավորմանը և բարեփոխումների շրջանակում իրականացվող այլ գործընթացների:

Վահե Ղազարյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց կիբեռհանցավորության աճի միտումներին ու Համացանցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տարածման խնդիրներին և ընդգծեց, որ այդ ոլորտում պայքարի արդյունավետության բարձրացման համար ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների մշտական և անընդմեջ օպերատիվ կապին զուգահեռ անհրաժեշտ է միասնական միջոցներ ձեռնարկել և մշակել փոխհամաձայնեցված մոտեցումներ, մասնավորապես՝ ձևավորել ոլորտի մասնագիտացված ստորաբաժանումներ ԱՊՀ շրջանակում:
Քննարկված հարցերի վերաբերյալ կայացվեցին կոնկրետ որոշումներ, ու ստորագրվեցին համապատասխան փաստաթղթեր:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհուրդը որոշում կայացրեց հաջորդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ