Տաքսիստը վերցրել է քնած ուղևորի հեռախոսը և իր ազգականի բանկային հաշվեհամարին փոխանցել 9 միլիոն 774 հազար դրամ․ ոստիկանություն


Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տաքսի ծառայություն իրականացնող «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գևորգ Քոչարի փողոցից քաղաքացուն տեղափոխել էր բնակության վայր՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց:

Այդ ընթացքում օգտվելով ուղևորի ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և կցված բանկային հաշվեհամարից ելքագրել ու իր ազգականի բանկային հաշվեհամարին էր փոխանցել 9 միլիոն 774 հազար դրամ, ինչից հետո արդեն հափշտակած գումարը փոխանցել էր իր հաշվեհամարին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը:

էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է