Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը. ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ:

Գործընթացը կվերսկսվի 2021 թվականի հունվարի 14-ից:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 03-Ն հրամանով որոշ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1031-Ն հրամանի հավելվածով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում: Նախ՝ փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալու մասին կետը:

Եթե նախկինում ուսուցիչները պետք է ներկայացնեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած վերապատրաստման դասընթացի վարման մասին տեղեկանք, ապա այժմ ընդունվում է նաև նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում իրականացված վերապատրաստման դասընթացի մասին տեղեկանքը: Ավելացել է երկու նոր բնութագրիչ՝ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։ Որպես բնութագրիչ ներկայումս ընդունվում են նաև ԿԳՄՍ նախարարության պատվոգրերը կամ շնորհակալագրերը։

Ըստ այդմ՝ անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) դիմում` ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին,

2) անձնագրի պատճենը,

3) հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը,

4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,

5) աշխատանքային գրքույկի պատճենը կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը,

6) բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ