ՌԴ Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Տագանրոգում «Ֆորտե Արենա» մարզադաշտում անօդաչու թռչող սարքի անկումից տանիքը հրդեհվել է, և պատը՝ քանդվել։ Հարվածի թիրախը, ենթադրաբար, եղել է անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ատլանտ աէրո» ձեռնարկությունը, փոխանցում է Current time-ը։ «Տագանրոգում «Ֆորտե Արենա» մարզադաշտում անօդաչու թռչող սարքի անկման պատճառով շենքի տանիքը բռնկվել է 30 քառակուսի մետր մակերեսով, և պատը քանդվել է», – գրել է Սլյուսարը իր տելեգրամի ալիքում։ Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան ասել է, որ հրդեհը արագ մարվել է։ Նա նշել է, որ ոչ ոք չի տուժել։ Բացի այդ՝ վնասվել են դպրոցներից մեկի և երկու բնակելի շենքերի պատուհանները։ Նշվում է, որ Տագանրոգում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո կտրվել է էլեկտրահաղորդման գիծը, Ազովում վնասվել են արդյունաբերական ձեռնարկության տանիքը և պատուհանները։ Ուկրաինական աղբյուրները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տագանրոգում գտնվող «Ատլանտ աէրո» գործարանին, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն, այս գործարանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կարևոր հանգույց է. ձեռնարկությունը արտադրում է մարտական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ տիեզերական նպատակների համար, և դրանց համար նախատեսված բաղադրիչներ, ինչպես նաև մասնագիտացված սարքավորումներ և կառավարման համակարգեր։ «Այն ներգրավված է Orion անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի և FPV հարվածային անօդաչու թռչող սարքերի և թափառող զինամթերքի թվային ինտեգրման նախագծերում», – ասել է Կովալենկոն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 22 ԱԹՍ-ի խոցման մասին, որոնք գրոհել են Բելգորոդի, Բրյանսկի, Սարատովի, Ուլյանովսկի մարզերը, ինչպես նաև՝ Թաթարստանը և բռնակցված Ղրիմը։