Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում. Փաշինյան

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ես խոսել եմ պաշտպանության ոլորտի համագործակցության մասին և նույնիսկ, ըստ էության, ռազմաքաղաքական խոր համագործակցության մասին, որը Վրաստանն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և հարցադրում եմ արել, որ մենք պետք է ունենանք այդ հարցերի պատասխանները, թե ինչո՛ւ է այդպես: Նկատի ունեմ, ընդհանրապես, մեր միջավայրի հետ կապված խնդիրներ քննարկելիս մենք, որպես կանոն, հարցերը դիտարկում ենք Թուրքիայի և Ադրբեջանի տրամաբանության մեջ, և ես կարծում եմ, որ շատ հաճախ սա մեզ այնքան էլ չի օգնում ընկալել օբյեկտիվ իրականությունը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:

«Ես շատ դեպքերում ասում եմ, որ դա իրականում այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև պատմության բերումով էմոցիաները երբ որ վերաբերում են Ադրբեջանին և Թուրքիային, գուցե մեզ այնքան էլ լայն հնարավորություն չեն տալիս օբյեկտիվ միջավայրի հետ կապված օբյեկտիվ եզրահանգումների գալ»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ստորագրված ռազմավարական գործակցության և երկխոսության մասին հռչակագրին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնտեղ նախատեսված են բոլոր ուղղությունները: «Սա արտահայտել է երկու երկրների կառավարությունների կամքը՝ այդ ողջ օրակարգով գնալ առաջ»,- ասաց Փաշինյանը:

Նա Վրաստանի հետ հարաբերությունների համատեքստում անդրադարձավ նաև նոր Սահմանադրության գաղափարին:

«Մեր միջավայրը և մեր հարաբերությունները փոխվել են: Այսօր աշխարհը, ընդհանրապես, գլոբալ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին էր 5 կամ 6 տարի առաջ: Մեր հարաբերությունները, ըստ էության, ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն, փոխվել է նաև այդ հարաբերությունների բնույթը, փոխվել է նաև մեր տարածաշրջանը: Մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել, և այդ իրողություններից մեկը Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն է, որն օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում: Ստացվում է, որ մեր հարևան երկրներից երկուսն ունեն ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, և եթե նախկինում կարելի էր ասել, որ ԵՄ-ն՝ ո՞ւր, մեր տարածաշրջանը՝ ո՞ւր, հիմա ԵՄ-ը փաստացի մեր տարածաշրջանն է, և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք, և նաև այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը»,- նշեց նա:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան