Վստահելի թիկունք, ամուր սահմաններ

Տաք գուլպաներ, շարֆեր ու գլխարկներ՝ թիկունքից դեպի առաջնագիծ: Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի եւ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն այժմ դարձել են կամավորներ թիկունքում՝ հանուն սահմանի: Տաք հագուստի հետ կանայք ուղարկում են նաեւ սեր ու ջերմություն՝ հավատալով հայորդիների ուժին:
Մկրատներն ու կարի մեքենաներն աշխատում են օրնիբուն, քողարկիչ ցանցերը եւս պատրաստման փուլում են: Միահամուռ ու միաձայն ինքնակազմակերպվել են. տարբեր միջոցներով ձեռք բերել հումքն ու անցել գործի, որովհետեւ թիկունքը ոչ մի վայրկյան թուլանալու իրավունք չունի:

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում եւս ծնող, աշակերտ ու մանկավարժ օրեր շարունակ նույն գործին են: Քողարկիչ ցանցերից բացի, առաջնագիծ է ուղարկվել արդեն հումանիտար օգնություն, հիմա էլ ամեն օրվա հետ հույս են կապում, որ արվածը տղաները կօգտագործեն խաղաղ պայմաններում: Նախաձեռնությունը կամաց-կամաց իր շուրջը հավաքեց բազմաթիվ մարդկանց:

Գյումրու Արտակ Եպիսկոպոս Սմբատյան փողոցում եւս օրեր շարունակ եռուզեռ է: Կարված բարձերն ու ձեռքբերված քնապարկերն արդեն ճանապարհին են: Աշխատանքները կանգ չեն առնում. ով ինչով կարող է, միանում է թիկունքն ամուր պահելու գործին:

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ