Վճռականորեն դատապարտում ենք ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները. Արցախի ԱԺ-ն՝ Ալիևի հայտարարության մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ի հայտարարությունը:

«Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները:

Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան: Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան