Վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցումը եռապատկելու նախագիծը նախագահի աշխատակազմում է

Ազգային ժողովի ընդունած՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումը եռապատկելու օրենսդրական նախագիծը մուտք է եղել նախագահի աշխատակազմ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունից։

Նաև ընդգծեցին՝ համաձայն Սահմանադրության՝ նախագահը դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում, և կհրապարակեն։

Հիշեցնենք՝ լրագրողական մի շարք կազմակերպություններ Ազգային ժողովի ընդունած՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումը եռապատկելու օրենսդրական նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։

Այս փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան։ Իսկ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար»։

Related posts

2023-ին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91,4 տոկոսով գերազանցում է 2022-ի ցուցանիշը. Վարդապետյան

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով

Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կատարած խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները