Հոկտեմբերի 16-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով կա մահացած քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության խմբերը
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սերոբ Ս․-ն է։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում Նոր Ուղի գյուղի Թումանյան 18 հասցեում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև դանակով հարվածել է Սերոբ Ս․-ի եղբոր՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կայքի տեղեկություններով՝ ժամը 02։35-ի սահմաններում Գալուստ Գ․-ն ոստիկանների ու պարեկների կողմից հայտնաբերվել է ու երբ նրան փորձել են վնասազերծել, նա տարօրինակ շարժումներ է ցուցաբերել , ձեռքին պահել դանակ: Իրավապահները դանակը խլել են, ապա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։
Հայտնաբերված դանակի վրա առկա են եղել արնանման հետքեր և ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը հանցագործության գործիք հանդիսացող դանակն է, որը Գալուստ Գ․-ի հետ միասին ոստիկանները ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ կասկածյալը ձերբակալվել է։