Այս պահին ընթացող «դատավարությունների» մասով ժամանակին մենք միջպետական գանգատը ներկայացրել էինք դեռ 2023 թվականից, երբ տեղի էր ունենում հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից, և դրանից հետո ամբողջական գանգատ էինք ներկայացրել, որը ներառում է նաև այս կտորը: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 4-ի նիստին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին:
«Նաև ունենք ամբողջական երկրորդ գանգատ, որի հետ կապված գրավոր փուլն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Ունենք կիրառած միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում մենք պարբերաբար ստանում ենք տեղեկատվություն պահվող անձանց վիճակի մասին, նաև տեղեկատվություն առողջական վիճակի և նրանց պահման պայմանների վերաբերյալ, որը փոխանցում ենք հարազատներին: Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին»,- ասաց նա:
Եղիշե Կիրակոսյանը նաև նշեց, որ պարբերաբար հետևում են մամուլում շրջանառվող տեսանյութերին, նկարներին, դրանք պարբերաբար ուսումնասիրվում են:
«Դրանք նաև ներկայացնում ենք Եվրոպական դատարանի ուշադրությանը՝ պահանջելով, որ Եվրոպական դատարանը պարտավորեցնի՝ լրացուցչ տեղեկատվություն տրամադրվի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի մասով կամ ԼՂ նախկին ղեկավարության, այլև բոլոր պահվող անձանց մասով:
Մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ՝ կապված այլ պահվող անձանց իրավունքների հետ, և այդ ուղղությամբ բավականին մանրամասն աշխատանք շարունակում ենք կատարել: Էլի կշարունակենք»,- ասաց նա: